երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Այդպիսի պայմանավորվածություն չկա. Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների հատվածում սահմանազատման մասին

Այդպիսի պայմանավորվածություն չկա. Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների հատվածում սահմանազատման մասին

Գիտենք, որ ՀՀ-ն ունեցել է անկլավներ Ադրբեջանում, գիտենք, որ եղել են ադրբեջանական, ընդունված է ասել՝ անկլավներ Հայաստանի տարածքում: Այդ հարցերը քաղաքական իրողություններ են: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն մասին, թե որն է լինելու հայկական կողմի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը հաջորդիվ անկլավ-էքսկլավների հատվածում սահմանազատումը շարունակելու առաջարկ բերի:

Նա նշեց, որ կա հարցի իրավական կողմ, և որ պետք է ժամանակ տալ հանձնաժողովներին՝ այս հարցով ևս զբաղվելու:

«Չեմ կարծում, որ երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու, բայց կրկին հարցը թողնում են հանձնաժողովներին: Մեթոդը և աշխարհագրական տեղը, որտեղից աշխատանքները շարունակելու երկուստեք ընկալում կա, մի փոքր այլ են և պակաս ռիսկային: Դուք անկլավներից եք հարցնում, ես ասում եմ՝ այդպիսի պայմանավորվածություն չկա: Ճիշտ հակառակը, ընդհանուր առմամբ կա ընկալում՝ բոլոր հարցերը, այդ թվում՝ դա, տարբեր հեռանկարներ մտքում ունենալով, քննարկել ավելի ուշ փուլերում»,- ասաց նախարարը:

Հարցին՝ հնարավո՞ր է սահմանազատման աշխատանքները շարունակվեն Հայաստանի օկուպացված տարածքներից, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես այս փուլում՝ ի շահ սահմանազատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը: Բայց սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»:

  • Կիսվել: