ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին. ԱԳ փոխնախարարը՝ Լավրովի հայտարարության մասին

Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին. ԱԳ փոխնախարարը՝ Լավրովի հայտարարության մասին

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խնդիրը հարթակները չեն, մեր հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է մեր հարեւանների հետ եւ այո, այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն որերորդ անգամ եվրոպական հարթակում չի հաջողվում հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ:

Անդրադառնալով «3+3» ձեւաչափին, փոխնախարարը նկատեց. ««3+3» ձեւաչափը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ չէ, դա տարածաշրջանային համագործակցության հարթակ է»:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է իր բախտը փորձել եվրոպական հարթակներում, եթե ուզում է, բայց քարտեզները գտնվում են Ռուսաստանում, Վահան Կոստանյանն ասաց. «Այն քարտեզները, որոնց մասին խոսվում է, այսինքն 1974-1978 թթ քարտեզների մասին, այդ քարտեզները կան, եւ հայկական կողմն է ծանոթ դրանց, եւ ադրբեջանական կողմը: Այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին»:

  • Կիսվել: