«Այդ հարցը չենք քննարկել և ասեկոսեներ չենք մեկնաբանում»․ Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների ստեղծման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները ՝ դրանք որակելով ասեկոսեներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք այդ հարցը չենք քննարկել և ասեկոսեներ չենք մեկնաբանում», - ասել է ՌԴ ԱԳՆ նախարարը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում կարող է Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծվի։