Այդ երկուսը իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից. Փաշինյան
Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո ու համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային ՍԴ: Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ պետք չէ դա, դարձել է ընդդիմություն, և իմ գնահատմամբ, ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Դեռ պետք է հետաքննվի, այդքան որ գնացել եկել են տարբեր տեղեր, ինչո՞ւ են գնացել, ո՞ւմ հետ են հանդիպել: Կարող է պարզվի, որ սա ՀՀ անվտանգության շահերի հետ կապված խնդիր է։
Երբ տեսել են, որ մենք սկզբունքային ենք լինելու ու գնալու ենք ինֆորմացիայի հետևից, սկսել են գործել իշխանության դեմ, քաղաքական բնույթի հայտարարություններ են արել»:
Փաշինյանը նշեց, որ այսօրվա ուղիղ եթերում հայտնած ինֆորմացիային՝ իր բոլոր դետալներով տիրապետում է ընդամենը երեք հոգի.
«Այդ երեք հոգուց երկուսը, ոչ միայն ընդդիմադիր են, այլ նաև իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, քանի որ նրանց հետ կապված հարցեր կան: Բանն այն է, որ ես միշտ սկզբունքային եմ եղել ու ասել եմ՝ ով ուզում է լինի, պետք է հետաքննություն լինի: Այս ինֆորմացիային տիրապետող երեքից երկուսն իրենց կաշին փրկելու համար, ամեն ինչի կդիմեն ու դիմում են: Այն, ինչի մասին ես Կապանում խոսեցի ակնարկներով, երեկ ու այսօր բացահայտ արտահայտվեց ու ապացուցվեց»:
Փաշինյանի խոսքերով, Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել ՍԴ նախագահ, ինչի համար էլ չի կարող լինել այդ պաշտոնում: