շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այդ անհեթեթ «պուրակի» բացմամբ Ալիևը ցույց տվեց, որ պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը. Անդրանիկ Քոչարյան

Այդ անհեթեթ «պուրակի» բացմամբ Ալիևը ցույց տվեց, որ պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը. Անդրանիկ Քոչարյան

Երեկվանից լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում են Բաքվում բացված՝ հայկական ռազմավարը ներկայացնող «պուրակի» լուսանկարները: «Պուրակում» ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան՝ մեր զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը, միանշանակ, խստագույնս դատապարտվում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը նշեց, որ բացի ատելություն սերմանելուց՝ Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն: 

«Այդ անհեթեթ «պուրակի» բացմամբ Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը: Տարիներ շարունակ տարված լինելով հաղթածին բնորոշ էյֆորիկ դրսևորումներով՝ մենք ևս ժամանակին ճիշտ չգնահատեցինք մեր հաղթանակները և կորցրինք զգոնությունը: Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ: Ամեն անգամ իր ժողովրդին դատարկ, ամբարտավանությամբ սնելով ու բթացնելով՝ մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը: Մենք էլ մեր հերթին չպետք է խուսափենք մեր պարտությունը ընդունելուց, պետք է վեր հանենք դրա պատճառները և առանց քաղաքական երանգներ տալու լուծենք հետպատերազմյան շրջանում մեր երկրի համար առաջնահերթություն դարձած խնդիրները»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ այս օրերին ակնհայտ նպատակներով ակտիվորեն շահարկվում է գերիների հարցը, որն, իհարկե, նպատակ ունի ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում: Ասաց՝ յուրաքանչյուրիս խնդիրը պետք է լինի այս երկրի խոցված անվտանգության վերականգնումը, բանակի բարոյապես և նյութապես հզորացումը, որի տակ պետք է հասկանալ ոչ միայն նորագույն սպառազինություն, այլև զինվորական համազգեստ կրող անձի արժեհամակարգ, բարձր ինտելեկտ, պետականամետ մտածողություն, ինչպես նաև հաղթանակի ու պարտության մասին առողջ պատկերացումներ: 

  • Կիսվել: