ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Այբ»-ը միասնական և հաստատակամ է՝ թույլ չտալու ստվերել իր բարի գործն ու անունը. Հայտարարություն

«Այբ»-ը միասնական և հաստատակամ է՝ թույլ չտալու ստվերել իր բարի գործն ու անունը. Հայտարարություն

«Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության բաժինը արձագանքել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարն Ազգային ժողովում անդրադարձել է «Այբ» կրթական հիմնադրամին և երկու տարի առաջ սկսած ուսումնասիրություններին՝ նշելով, որ այդ թեմայով գործ է հանձնվել համապատասխան մարմիններին։

Մենք դրական ենք գնահատում, որ վերջապես հնարավորություն կունենանք իրավական հարթությունում տեղեկանալու, թե ինչ «խախտումներ» բացահայտեցին տարիուկես առաջ ավարտված ուսումնասիրությունները, և լիարժեքորեն լույս սփռելու հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերի վրա։

Հիշեցնենք, որ 2018 թ. մայիսի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակավ հայտարարեց «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրում «խախտումների» մասին՝ առանց որևէ ուսումնասիրության ու փաստի։ Այնուհետև, այս գնահատականը հիմնավորելու համար, շուրջ 8 ամիս՝ մինչև 2018 թ. նոյեմբեր, նախարարությունն «Այբ» կրթական հիմնադրամում իրականացրեց նախ ծրագրի ֆինանսական, ապա նաև բովանդակային ուսումնասիրություններ։ Ֆինանսական ուսումնասիրությունների առաջին փուլից հետո համաձայնագրով հաստատվեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի ծախսած գումարների նպատակայնությունը։

Բովանդակային ուսումնասիրության արդյունքները մինչ օրս չենք ստացել: Այդ ընթացքում հիմնադրամում անցկացվեց նաև ողջ գործունեության համալիր հարկային ստուգում, որի արդյունքներով որևէ խախտում չարձանագրվեց։

Ինչպես և ամեն տարի, օրենքով սահմանված կարգով, այս տարիներին հիմնադրամում ևս իրականացվել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտ, որի արդյունքները ևս որևէ խնդիր չեն հայտնաբերել:

Հայտարարությունից հետո անցել է երկու տարի. մինչև այսօր որևէ խախտում փաստաթղթավորված և հիմնավորված չէ, թեև նախարարը բազմիցս է հրապարակայնորեն խոստացել ուսումնասիրությունների արդյունքներն ու եզրակացությունը նախ ներկայացնել հիմնադրամին։

 

Մենք վստահ ենք ու վերահաստատում ենք, որ հիմնադրամն առավելագույն արդյունավետությամբ է իրականացրել Արարատյան բակալավրիատը հանրապետության դպրոցներում ներդնելու գործընթացը՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, և յուրաքանչյուր լումա ծառայեցրել նպատակին՝ սեփական միջոցներով համաֆինանսավորելով ծրագիրը։ Այդուհանդերձ, Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ կատարելագործված և միջազգայնորեն ճանաչված միակ հայալեզու ծրագրի տարածումը դպրոցների ավագ բաղադրիչում կասեցվել է նախարարի կողմից՝ չնայած պետբյուջեից կատարված ծախսերին, մեր բարերարների ներդրած միջոցներին, ինչպես նաև ՀՀ ու Արցախի հանրակրթական հաստատությունների ուսուցիչների, տնօրենների և սովորողների մեծ համայնքի սպասումներին ու ոգևորությանը։

 

«Այբ»-ը միասնական և հաստատակամ է՝ թույլ չտալու ստվերել իր բարի գործն ու անունը․ գործ, որի մեջ ներդրում ունի «Այբ»-ի ամբողջ համայնքը՝ մեր երկրում իրական կրթական փոփոխություններ բերելու ակնկալիքով»,- ասված է «Այբ» կրթական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: