ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ավինյանը ՎԶԵԲ փոխնախագահի հետ քննարկել է ավելի քան 1,4 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր

Ավինյանը ՎԶԵԲ փոխնախագահի հետ քննարկել է ավելի քան 1,4 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր

Փետրվարի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2021թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը Երեւանում անցկացնելու կապակցությամբ եւ կարեւորել այդ իրադարձությունը Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսատնտեսական շրջանակների ուշադրությունը բարձրացնելու տեսանկյունից: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին վստահության համար եւ ընդգծել, որ տարեկան ժողովը կանցկացվի ամենաբարձր մակարդակով:

Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին 118 մլն եվրո արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաեւ 2020 թվականին: Տիգրան Ավինյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս՝ լուրջ խթան հանդիսանալով ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին: Այս համատեքստում Պիեռ Հեյլբրոննը կարեւորել է տարբեր գերատեսչությունների ու Երեւանի քաղաքապետարանի գործողությունների փոխհամաձայնեցման հարցում փոխվարչապետի դերը:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանում անցկացվող համապարփակ բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն լինելու է երկրում իրականացվելիք առավել հավակնոտ ու լայնածավալ բարեփոխումներից մեկը:

  • Կիսվել: