չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավինյանին Հարությունյանով փոխարինելու շուրջ քննարկում չկա. Սիմոնյան

Ավինյանին Հարությունյանով փոխարինելու շուրջ քննարկում չկա. Սիմոնյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե արտակարգ դրության ավարտից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կփոխարինի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ասաց, որ իրենց քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունեն:

Նա նշեց. «Ես զերծ կմնամ դրա մասին մեկնաբանություններից: Մենք մամուլում խնդիր ունենք և այսօր մամուլը՝ որոշ բացառություններով սպասարկում է շատ մարդկանց  քաղաքական շահը, ուստի, ամեն հրապարակում մեկնաբանելը, արդարանալը, բացատրությունները տալը սխալ է»:

Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե՝ եթե ԿԳՄՍ նախարարությունում խնդիրներ չկան, ապա ինչու փոխնախարարի և Սմբատ Գոգյանի ներկայությամբ հանձնաժողովի նիստը վերջում փակվեց, ասաց, որ չգիտի՝ ինչու այն փակ իրականացվեց, սակայն, նրա խոսքով, շատ գործընթացներ կան, որոնք ենթադրում էին նման իրավիճակ:

Սիմոնյանն ասաց. «Չի բացառվում, որ որևէ պատգամավոր հրաժարական տա,  բոլորը չէ, որ մինչև կյանքի վերջ մնալու են նույն տեղում, բնականոն գործընթաց է: Այստեղ ինտրիգ փնտրել պետք չէ: Մեզ մոտ սև ցուցակ չկա, կա թիմ, մարտավարություն, իսկ սև ցուցակ չկա ու չի կարող լինել»:

  • Կիսվել: