Ավագանու ընտրության արդյունքներով Երեւանում կառավարման նոր մոդել է փորձարկվելու. Փաշինյան
Շատ կարևոր է արձանագրել, որ ավագանու ընտրության արդյունքներով ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է, ըստ էության, հիմա փորձարկվելու և մայրաքաղաքի կառավարումն իրականացնելու են գործադիր հատվածում երկու ուժեր՝ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակացությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պատասխանատու առիթով շնորհավորում եմ նաև «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն եմ մաղթում։ Սա, իսկապես, կառավարման նոր կուլտուրա, մշակույթ պետք է բերի, և հույս ունեմ, որ այս մոդելն, իսկապես, կարդարացնի իրեն»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանը, ըստ օրենսդրության, կառավարվում է ամբողջ ավագանու կողմից. «Պետք է արձանագրել, որ ընտրությունները՝ ընտրություն, բայց Երևանի ավագանու կամ քաղաքապետարանի աշխատանքին հետևելիս մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանալու լսել և տեսնել՝ ինչքանո՞վ են իրենց ձայներով ընտրված ուժերը նվիրված Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը։ Համոզված եմ, որ այս ճանապարհին մենք, իսկապես, կլինենք հետևողական։
2018 թվականին մեր քաղաքական թիմը Երևանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելով՝ էական փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում, և ես համոզված եմ, որ այս ընթացքում այդ փոփոխությունները տեսանելի ու ավելի շոշափելի կլինեն։ Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունը ինչպես եղել, այնդպես էլ շարունակելու է լինել Երևանի քաղաքապետի , ավագանու կողքին՝ հանուն Երևանի և երևանցու»,- հայտարարեց վարչապետը:
«Հարգելի պարոն Ավինյան, Երեւանի ավագանու հարգելի անդամներ, շնորհավորում եմ բոլորիդ այս պատասխանատվության առիթով: Մաղթում եմ, որ պատասխանատվության առիթով շնորհավորանքն արդարանա նաեւ հաջորդ ընտրական շրջափուլից առաջ, երբ մենք կկարողանանք իրար աչքերի մեջ նյել եւ ասել, որ պատվով կրեցինք Երեւանի եւ երեւանցիների մեր ուսերին դրած պատասխանատվությունը, քաղաքապետարանի բոլոր պաշտոնյաների ուսերին դրած պատասխանատվությունը: Այս ճանապարհին մենք պետք է լինենք անհոգնել, հետեւողական, սկզբունքային եւ ազնիվ: Համոզված եմ՝ այդպես էլ կլինի:
Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը:



