ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավագանիում իրավիճակը պարբերաբար սրվում է, քաղաքապետը ժեստիկուլյացիայով վերաբերմունք է դրսևորում․ Խաժակյան

Ավագանիում իրավիճակը պարբերաբար սրվում է, քաղաքապետը ժեստիկուլյացիայով վերաբերմունք է դրսևորում․ Խաժակյան

Իմ ներկայացրած թեմաներն ավելի քիչ տարածում են ունենում և կորում են լրատվական դաշտում։ Մինչդեռ իմ գործընկրեների անձնավորված ձևակերպումները դառնում են վերնագրեր։ Այս մասին FactorTV-ի եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով երեկվա հայտնի միջադեպին։

«Մարդիկ, այդ վերնագրերը կարդալով, ասում են, որ մենք անձնական դաշտ ենք տանում խնդիրը»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք խմբակցությունից իր դուրս գալու հարցը քննարկել է գործընկներների հետ, Դավիթ Խաժակյանն ասաց․

«Ավագանիում իրավիճակը պարբերաբար սրվում է, քաղաքապետը ժեստիկուլյացիայով վերաբերմունք է դրսևորում, ինչն էլ երեկ վրդովեցրեց Թեհմինա Վարդանյանին։ Նա համարժեք պատասխան տվեց, բայց անձնական դաշտում։ Այդ արձագանքն ավելի շատ տարածվեց, քան բուն սադրանքը։ Թեման, որը մենք ներկայացրել էինք՝ դատախազության հաղորդում քրեական գործի մասին, այդ թեման «ջրվեց»»։

Նախօրեին Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցի քննարկման ժամանակ Թեհմինա Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե վտանգավոր թափոններն այսօր Նուբարաշենի աղբավայրում են թափվում:

«Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, սա ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կգ-ներով կշռում են այդ աղբը... Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Հայկ Մարությանը կոչ արեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը։

«Այսուհետ ելույթները կպահանջեմ, որ լինեն թեմայի շուրջ»,- ասաց քաղաքապետը:

  • Կիսվել: