չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ատելության խոսքն Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում

Ատելության խոսքն Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների խախտված իրավունքների խնդիրը՝ հակադարձելով ադրբեջանցի պատվիրակի կեղծ պնդումներին:

«ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Եվրոպայի անդամ հանդիսացող Ադրբեջանին վերաբերող հաղորդումների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում մտահոգություն է հայտնել սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի տարածման կապակցությամբ: Այս ամենն ի վերջո ցույց է տալիս, որ ատելության խոսքն Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է, ինչը հատկապես ակնառու է դառնում երկրի նախագահի կողմից հնչող հայտարարություններով, ում կողմից սպառնալիքներ են հնչում մի ամբողջ մարզի՝ Սյունիքի վերաբերյալ:

Կոնգրեսի պատվիրակները ևս չեն խուսափել նման դրսևորումներից: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Անար Իբրահիմովը Թվիթերի իր էջում հրապարակել է լուսանկար՝ խեղաթյուրելով իրականությունը: Իրականությունն այն է, որ Ֆրանսիայի դեսպանությունը, հրապարակելով Հայաստանի նշագրված քարտեզի ադրբեջանական սպառնալիքի ներքո եղած հատվածները, խորհուրդ էր տվել այդ օրերին խուսափել այցելություններից՝ հաշվի առնելով սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ վերսկսված ռազմական ագրեսիան: Պարոն Իբրահիմովը, ՀՀ սուվերեն տարածքի մաս հանդիսացող շրջանները կոչելով Ադրբեջանի մտացածին անուններով, նշել է, իբրև Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչն ուղղված է եղել այսպես կոչված Հայաստանի 1920 թվականի սահմաններին: Սա և՛ ֆեյք նյուզ է, և՛ ագրեսիայի դրսևորում:

Հորդորում եմ Կոնգրեսի գործընկերներիս խստորեն հասցեագրել հնչեցվող ատելությունը, որը ոչ միայն կնպաստի ատելության խոսքի նվազմանը, այլև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որին ձգտում ենք բոլորս»,- ասել է Խաժակյանը:

  • Կիսվել: