շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած. վարչապետ

Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած. վարչապետ

2023 թվականի ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստին ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ 5 հարկից բաղկացած շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ:

ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան տրամադրած շենքում: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները: Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ դեսպանությանը տեղեկացվել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: 

«Շենքը նախատեսվում է ձեռք բերել 17 միլիոն 380 հազար ֆունտ ստեռլինգով»,- նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց Պարույր Հովհաննիսյանը: 

ՀՀ վարչապետը արձագանքեց՝ նախագծում կարդացել է, որ ՀՀ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ներկայիս տարածքից:

«Մե՛նք ենք ուզում շատ վաղուց դուրս գալ այդ տարածքից,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց.- իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն:

...Բա ասում ենք դիվանագիտություն, բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունը՝ մի զբոսայգու մեջ իշաոտնուկ դրած, վրան նստած է, մի հատ էլ մեր դրոշը վերևում կախած է, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է: Եվ իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ:

Եվ դա չի կարելի և անթույլատրելի է, անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև այսօր այդ վիճակում ենք. մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա: Չի կարելի, հասկանո՞ւմ եք, սա անթույլատրելի է»,- ասաց վարչապետը՝ տեղեկացնելով, որ վաղուց են ցանկացել Լոնդոնում շենք ձեռք բերել, բայց շենք ձեռք բերելու գործարքը չի ստացվել:

«Այո՛, ՀՀ-ն Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստեռլինգով առնում է դեսպանատուն, որը ՀՀ-ի սեփականությունն է և այդպիսին լինելու է»,- ասաց նա:

Վարչապետը նաև նկատեց՝ դեսպանատան ընտրության հարցը «շատ նուրբ գործ է», և որ գործարքը պետք է լինի թափանցիկ:

«Նրանք, ովքեր կասեն՝ այ, թանկ է, հայտնի ասացվածք կա՝ մենք այդքան հարուստ չենք, որ էժան բան առնենք»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: