Ասպատակեցիք արդարադատությունը տասնամյակներով, եկել եք հիմա խոսում եք արդարադատությունից․ Հայկ Կոնջորյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Պարոն Մինասյանի մոտ հստակ ձևավորված սովորություն կա` ելույթ ունենալուց հետո հեռանալ և չլսել այդ թվում իր ելույթին արձագանքները»,-ԱԺ-ի իր ելույթում դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը նշեց, որ դա պատգամավորի կողմից պրոֆեսիոնալ պահվածք չի. «Կարծում եմ՝ 135-ամյա կուսակցության ներկայացուցչի կողմից պրոֆեսիոնալ չի ամեն անգամ խոսել և թողնել ու գնալ ծխելու, չգիտեմ՝ ձեր մտքերն են ձեզ ծխել ստիպում, թե հաջորդ ելույթներն են ստիպում, ձեր մտքերը շատերին են ծխել ստիպում, ձեր մտքերը վտանգավոր են մարդկանց առողջության համար, կարելի է ծխախոտի վրայի ահասարսուռ պատկերների փոխարեն այդպիսի բաներ գրել»:
Անդրադառնալով ԲԴԽ-ի անդամի ընտրության հարցի քննարկման ընթացքում ընդդիմադիրների ելույթներին՝ Կոնջորյանը նշեց. «Թեկնածուի մասով հնչեցված հայտարարություններն ունեն երկու բաղադրիչ՝ իրավական և բարոյական: Իրավական մասով հարցադրում է արվում, թե արդյոք թեկնածուն կատարել է ենթադրվող որևէ քայլ, որը հակասել է օրենքին, եթե թեկնածուի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարված լիներ, այն էլ 1994 թվականից սկսած, ես վստահ եմ, որ ձեր 20-ամյա իշխանությունը վաղուց այս մարդու հետևից գնացել էր, ձեր այն ժամանակվա գործիքներին և մեթոդաբանությանը հավատարիմ ամեն ինչ արել էր:
Եթե բարոյական տեսանկյունից խնդիր լիներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի անգամ բարեվարքության եզրակացություն է տվել պարոն Թումանյանի վերաբերյալ, տվել է նաև այս հարցով և դուք՝ որպես պատգամավորներ, ենթադրում եմ, որ ծանոթացել եք բարեվարքության եզրակացությանը, որտեղ բացասական եզրակացություն չկա, հետևաբար` և՛ բարոյական, և՛ իրավական հարցերով բացի ձեր ենթադրություններից առարկայական նշմարվող ինչ-որ խնդիր գոյություն չունի: Էլ չասեմ, որ թեկնածուն 2011-12 թվականներին առաջադրվել է Վանաձորի քաղաքապետ և մասնակցել է քաղաքապետի ընտրություններին Վանաձորում ու բավական ձայն է հավաքել: Դա մարդակերների ժամանակաշրջանն էր, ձեր դեմ ինչ-որ մեկը դուրս գար, այն էլ Վանաձորում թեկնածու լիներ, ունենար իր կենսագրության մեջ ձեր ենթադրվող բանդագուշակությունների համատեքստում ինչ որ բան ու դուք թողնեի՞ք, որ այդ մարդը մասնակցեր և այլն, բա ձեր հավատարիմ մեթոդներով կարող էիք անել այն, ինչը որ անում էիք: Ֆեմիդային ինչքան կարողացաք բռնաբարեցիք, ասպատակեցիք արդարադատությունը տասնամյակներով, եկել եք հիմա խոսում եք արդարադատությունից»: