կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ASİMED-ը յոթ լեզվով իրականացնում է հակահայկական քարոզչություն

ASİMED-ը յոթ լեզվով իրականացնում է հակահայկական քարոզչություն

Թուրքիայում ևս մեկով ավելացել է հակահայկական քարոզչություն իրականացնող ու Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կազմակերպությունների համացանցային ռեսուրսների ցանկը, տեղեկացնում է ermenihaber-ը:

Թուրքական ASİMED («Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») կոչվող միությունը հայտարարել է նոր կայքի գործարկման մասին: Ըստ հայտարարության՝ կայքը պետք է ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում իրականացնի միջազգային մամուլում: Պետք է հայտնաբերի «Հայոց ցեղասպանության մասին նյութեր և հակաթուրքական բնույթի հրապարակումներ», այնուհետև դրանք հավաքի իր տվյալների բազայում, Թուրքիայի պաշտոնական թեզերին համահունչ պատասխաններ պատրաստի ու հրապարակի 7 լեզվով:  

Tarihigercekler.net անվանումով կայքը հրապարակումներ է ունենալու թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն ու պարսկերեն լեզուներով:

ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում ու Բելգիայում գործող թուրքական լոբբիստական կազմակերպությունների հետ կապ հաստատած կայքը նպատակ ունի նաև պարարտ հող ստեղծել նշյալ լոբբիստական կառույցների  հզորացման համար:

Բացահայտ ռասիստական գործունեություն ծավալող այս կազմակերպությունը իր նորաբաց կայքում հայերի նկատմամբ ատելություն սերմանող տեղեկություններ է տարածում:

Հակահայկական կազմակերպության ղեկավար Սավաշ Էղիլմեզը նշել է, որ կարճ ժամանակ առաջ գործարկված կայքն արդեն ամսական 30 հազարից ավել այցելու ունի, որոնց 70 տոկոսը արտերկրից են:

  • Կիսվել: