ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխարհում ստեղծված տնտեսական իրավիճակում Հայաստանը, ճիշտ դիրքավորվելու դեպքում, կարող է օգուտներ ստանալ. Թաթուլ Մանասերյան

Աշխարհում ստեղծված տնտեսական իրավիճակում Հայաստանը, ճիշտ դիրքավորվելու դեպքում, կարող է օգուտներ ստանալ. Թաթուլ Մանասերյան

Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի արտաքին տնտեսական և դրական, և բացասական զարգացումներին, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով միջազգային շուկայում նավթի գնի անկումը, ոսկու արժեքի աճը և կորոնավիրուսի գործոնով պայմանավորված իրավիճակը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել՝ որքանով են ստեղծված իրավիճակում թուլանում Ռուսաստանի դիրքերը, ինչը կարող է տնտեսական մեծ խնդիրներ առաջացնել դաշնակից երկրում:

«Նավթի շուկայում ստեղծված իրավիճակը վերաբեում է ոչ միայն Ռուսաստանին, Ղազախստանին, այլ նաև՝ Ադրբեջանին: Ադրբեջանի պարագայում, երբ ամբողջ աշխարհում նավթը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական, այլ նաև քաղաքական գործոն, ազդեցություն անպայման ունենալու է տարածաշրջանային զարգացումների վրա: Այսինքն՝ բազմագործոն երևույթի հետ մենք այսօր գործ ունենք: Ցանկալի է, որ փորձագիտական հանրության կարծիքը ձևավորվի, խնդիրներ ձևակերպվեն ու իրատեսորեն ձևակերպվեն զարգացումները», -նշեց Մանասերյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությանը, Մանասերյանն ասաց, որ ԿԲ-ի գործունեությունը բարձր է գնահատում:

«Այն բացառիկ ոլորտներից է Հայաստանում դրամավարկային քաղաքականությունը, որը շատ կշռադատված է, թեև եղել են տարիներ, որ իմ կողմից սուր քննադատության են ենթարկվել: Վերջին տարիներին կշռադատված դրամավարկային քաղաքականություն է իրականացվում, որը հաղորդում է որոշակի կայունություն ֆինանսական համակարգին: Բայց մենք պետք է աչալուրջ լինենք ու չբացառենք այն ռիսկերը, որոնք կարող են լինել»,- նշեց տնտեսագետը:

Այդուհանդերձ, Մանասերյանի կարծիքով, համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է օգուտներ ստանալ.

«Որքան էլ տարօրինակ թվա, ես տեսնում եմ որոշակի շանս, որ ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է օգուտներ ունենալ: Հայաստանը կարող է ճիշտ վերադիրքավորվելու դեպքում, ոչ միայն այդ գործոնների բացասական ազդեցությունը կրել, այլ նաև օգուտներ ստանալ»:

  • Կիսվել: