երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արտահերթ նիստում ընդդիմադիրներին մանդատից զրկելու նախագծերից բացի ներառել են «Հանրային ձայն»-ի նախագիծը. Աբգարյան

Արտահերթ նիստում ընդդիմադիրներին մանդատից զրկելու նախագծերից բացի ներառել են «Հանրային ձայն»-ի նախագիծը. Աբգարյան

Ավագանու այն անդամները, որոնք նախաձեռնել եւ ստորագրություն են դրել այդ նախագծերի տակ, զբաղված են կամայականությամբ եւ խախտում են բոլոր տեսակի ժողովրդավար կառավարման օրենքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը՝  անդարադառնալով Երեւանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու նախաձեռնությանը:

«Ինչո՞ւմն է կամայականությունը, հենց օրինակ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, իր հարցազրույցում ինքն էլ է խոստովանում, որ  եւս 20 ավագանու անդամ  ունեն նույն խնդիրները բացակայությունների, սակայն նշում է, որ որպես բարի կամք որոշել է նրանց թողնել, իսկ այս մարդկանց հանել, այսինքն սա կամայական ընտրություն է, թե ումից են ուզում նրանք ազատվել: Երկրորդը՝ մենք խնդիր ունենք հասկանալու՝ որեւէ մեկը հարցրել է, թե այդ բացակայությունները հարգելի են, թե անհարգելի, որովհետեւ  զեկույցում նշված է անհարգելի բացակայություն: Օրինակ մեզ որեւէ մեկը չի խնդրել ներկայացնել, թե արդյոք անհարգելի է, թե՝ ոչ: Եւ երրորդը, գոյություն չունի օրենքով նախատեսված դասակարգում, թե  որ բացակայությունն է համարվում հարգելի, իսկ որը ոչ հարգելի, այստեղ էլ ունենք լուրջ խնդիր: Բնականաբար մեր բացակայությունների պատճառը հիմնականում եղել են հստակ կամքի արտահայտման ձեւ, ըմբոստության, անհամաձայնության ձեւ, որի մասին երկու նախաձեռնություններն էլ հայտարարել են, որ բոյկոտում են, այսինքն բոյկոտը դա ընդդնիմադիր ուժին տրվող գործիք է, որը կարող է կիրառվել եւ դա չի կարելի համարել անհարգելի բացակայություն»,- ասել է նա:

Անդրադառնալով խմբակցության հայտարարությանը, թե իրենք կարող են միայն քննարկել Ավինյանի հեռացման հարցը, Աբգարյանն ասաց, որ Ավինյանը լեգիտիմ քաղաքապետ չէ:

«Այդ լեգիտիմությունը զգացվեց նիստերի ժամանակ, եւ իշխանությունը որքան էլ փորձեց մեծամասնություն կազմել եւ երբեմն բերել երրորդ խմբակցության ձայները, ամեն դեպքում դա չենք կարող անվանել կայուն կառավարում, որովհետեւ չունի անհրաժեշտ ձայները քվորում ապահովելու համար առանց ընդդիմության: Սա է  խնդիրը, դրա համար էլ  նա պսեւդոքաղաքապետ է այս առումով, որովհետեւ  չունի  ոչ ժողովրդի 50 պլյուս քվեն, ոչ էլ ավագանու մեծամասնությամբ է ընտրվել: Նաեւ չմոռանանք, որ երդմնակալությունն էլ անցկացվել է այնպիսի պայմաններում, որտեղ քվորում չի եղել եւ որեւէ ընդդիմադիր անդամ ներկա չի եղել, սա բացառիկ դեպք է»,- ասաց նա: 

 Աբգարյանը նշում է, որ որպեսզի հասկանանք, թե որքանով փոքր է այս իշխանությունը իր գործելաոճում, արտահերթ նիստի օրը նրանք բացի մանդատից զրկելու նախագծերի, եւս մեկ նախագիծ են ներառել, որը «Հանրային ձայն»-ի ղեկավարի նախագիծն է. «Նրանք սա այն պատճառով են արել, որ մարդիկ գան, մասնակցեն՝ ասելով, թե իրենց նախագիծն է, այդ աստիճանի ստորության են գնացել, եւ եթե «Հանրային ձայն» խմբակցությունը որոշել է ընդդիմության  իրավունքները պաշտպանել,ես միայն ողջունում եմ նման որոշումները: Չի հաջողվի առանց «Հանրային ձայն»-ի ապահովել քվորում, իրենք այդ մասին շատ լավ գիտեն»,-ասաց նա:

Նշենք, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը հայտարարել է, որ իերնց նկատմամբ կան ճնշումներ, սակայն խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։

Հիշեցնենք` փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու 5 ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատներից զրկելու հարցով։

  • Կիսվել: