հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մի քանի շաբաթով հետաձգել հարսանեկան եւ նշանադրության արարողությունները․ նախարար

Մի քանի շաբաթով հետաձգել հարսանեկան եւ նշանադրության արարողությունները․ նախարար

Պետք է հնարավորինս խուսափել մարդկային կուտակումերից, փակ տարածքներում գտնվելուց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Խուսափե´ք ձեռքով դիպչել աչքերին կամ քթին, պարբերաբար լվացե´ք ձեռքերն օճառով եւ երկար ժամանակ պահեք ջրի տակ կամ ախտահանեք սպիտային ախտահանիչով։ Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել շփումներն այլ մարդկանց հետ: Դրանք իրականացնել միայն կենսական նշանակության դեպքում, իսկ անձնական միջոցառումները՝ հարսանիք, նշանադրություն եւ այլն, գոնե մի քանի շաբաթով հետաձգել: Եթե նույնիսկ ստիպված ենք մասնակցել նման միջոցառումների՝ ապա սենյակը հաճախ օդափոխելու դեպքում»,- նշեց Թորոսյանը։

Թորոսյանի խոսքով՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված 31 անձինք այսօր կթեստավորվեն, եթե այն բացասական լինի, նրանք դուրս կգրվեն: Պատասխանը պարզ կլինի երեկոյան:

Նախարարը կոչ է արել իրար միջեւ պահպանել նվազագույն հեռավորություն եւ ժամանակավոր խուսափել ձեռքով բարեւելուց, գրկախառնվելուց, քանի որ վիրուսը երկար չի կարող ճամփորդել օդում, այլ փոխանցվում է սերտ շփման ժամանակ, հատկապես  երբ բերանի եւ քթի խոռոչի արտադրությունը դուրս գալուց հետո հայտնվում է ձեռքերին: Այս ամենը պահպանելը թույլ կտա կանխարգելել նաեւ բոլոր շնչառական վարակները: Այս հորդորները առավել խստությամբ պետք է պահպանեն տարեցները եւ խրոնիկ հիվանդություն ունեցողները:

Նա կոչ արեց բոլոր մարդկանց, որոնք եկել են ռիսկային գոտում գտնվող երկրներից, չթաքցնել, այլ հակառակը իրենց ախտանշանների մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին:

 

  • Կիսվել: