երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արսեն Բաբայանը պատասխանել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Արսեն Բաբայանը պատասխանել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքներին

 Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կասկածելի է համարում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի պետական կառավարման համակարգի վերաբերյալ գրագիտությունը:

«Անկեղծ ասած չեմ հասկանում նրա մոտիվացիան՝ պարբերաբար ցուցադրել սեփական անլիարժեքությունը: Լուրջ գործով զբաղվելու փոխարեն վերցրել ինչ-որ մարքեթինգային գործիքների ու հնարքների օգնությամբ ֆեյսբուքյան պաստառ են սարքել, վրան մեծ՝ 763 թիվն են գրել ու դրա տակ փորձել են ներկայացնել, թե իբր 2017-2018 թվականներին մարդկային ռեսուրսների կառավարման բլոկում այդքան խախտումներ են հայտնաբերել:

Հայտնաբերողն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ իրենց ներքին աուդիտն է եղել», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաբայանը՝ մեկնաբանելով Գալստյանի՝ երեկ արած հայտարարությունը:

Հիշեցնենք՝ Գալստյանը երեկ տեղեկացրել էր, որ Ազգային Ժողովի ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլն ավարտվել է, որի ժամանակ ուսումնասիրվել էր մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման 2017-2018թթ-ի աշխատանքները։ «Ստացված արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ՝ նույնիսկ անհավատալի, այդ պատճառով որոշեցի այն ներկայացնել հանրությանը։ Ընտրանքային (այսինքն ոչ բոլոր փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքում արձանագրվեց օրենքների, աշխատանքային կարգերի պահանջների խախտման, թերացումների և տարատեսակ այլ սխալների մոտ 763 դեպք 2 տարվա կտրվածքով», -իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գալստյանը՝ որպես խախտումներ ներկայացնելով հետին ամսաթվով ընդունված կարգադրություններ և որոշումներ, խնդիրներով փաստաթղթեր, փորձաշրջանի ավարտից հետո եռօրյա ժամկետում դասային աստիճանի շնորհման խախտման դեպքեր, վերապատրաստման գործընթացն ըստ կարգի իրականացման թերություններ, ոչ ամբողջական ատեստավորման փաստաթղթեր, փաթեթներ, մատիտով նշված կարգադրությունների և հրամանների համարներ և այլն:

Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում «անհեթեթություններ է դուրս տվել»:

Ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ տղան ընդհանրապես աուդիտի եզրակացություն կարդալ գիտի, առավել ևս՝ կարդացածը հասկանալ: Դրա համար հիմք է հանդիսապոնւմ այն պարզ անհեթեթությունները, որոնք նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Ի՞նչ է ասում հենց առաջին տողում՝ «հետին ամսաթվով ընդունված մի շարք կարգադրություններ և որոշումներ»: Ի՞նչպես բացատրեմ նրան, երբ շուրջ մեկ տարի աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար մինչև հիմա չգիտի այն պրիմիտիվ փաստը, որ ԱԺ նախագահի որոշումները մարդկային ռեսուրսների կառավարման հետ առնչություն չունեն:

Այդ ո՞ր, թեկուզ կիսագրագետ պետական պաշտոնյան կարող է խոսել փաստաթղթերի բացակայությունից, երբ այդ ամբողջ փաստաթղթերը հատուկ արձանագրությամբ ստացվել է իրենց կողմից: Պակա՞ս են: Որ չոչնչացնեիք այդ փաստաթղթերը, հաստատ չէին պակասի:

Ասում է, թե ոչ աշխատանքային օրով կարգադրություններ են ընդունվել: Ենթադրենք թե իսկապես այդպես է եղել: Ո՞րն է դրա խախտումը: Ո՞վ է ասել, թե կարգադրությունները չեն կարող ընդունվել ոչ աշխատանքային օրերին: Ի՞նչ բացատրեմ, եթե նա նույնիսկ գաղափար չունի օրենսդրական ժամկետների մասին: Չի հասկանում, որ այո, պայմանավորված օրենսդրությամբ սահմանված ժամկետնրով, հաճախ անհրաժեշտ է նաև ոչ աշխատանքային օրերին ընդունել կարգադրություններ կամ այլ իրավական ակտեր: Ավելին ասեմ, նույնիսկ ոչ աշխատանքային օրերից մեկում Հայաստանի Հանրապետությունում վարչապետ է նշանակվել:

Որևէ բառ ասելուց առաջ, ավելի ճիշտ կլինի հիշի, թե ինչպես իր ձեռքով շուրջ 100 պետական աշխատողի իրավունքներ տրորվեցին: Թող հիշի, որ պատմության մեջ առաջին անգամ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընդունած հրամանն անվավեր է ճանաչվել: Հենց այսքանն ինքն ու իր ղեկավարը հասկանան, վստահ եմ, որ այլևս նրա ձայնը չենք լսի:
Այնուամենայնիվ, եթե կարծում է, թե իսկապես հայտնաբերել են խախտումներ, ապա պատրաստ եմ դրանք հատ առ հատ քննարկել», -ասաց Արսեն Բաբայանը:

  • Կիսվել: