շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը ստորագրելու է ընդունված նախագիծը, Աստված չանի վատ սցենարով գնա. Հովակիմյան

Արմեն Սարգսյանը ստորագրելու է ընդունված նախագիծը, Աստված չանի վատ սցենարով գնա. Հովակիմյան

Որպես վստահության աղբյուր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն է, որ Արմեն Սարգսյանը կողմ է արտահայտվել հանրաքվեին: Սահմանադրության փոփոխությունների մասին նախագծի հիմնական զեկուցող Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վստահ է՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելու է ընդունված նախագիծը և հարցը դրվելու է հանրաքվեի: 

«Ամեն դեպքում քաղաքացին է իր քվեով կամ հաստատելու մեր վստահությունը, կամ Աստված չանի վատ սցենարով գնա: Մենք վստահ ենք, որ գնում ենք: Բնական է, որ չենք գնա, եթե վստահ չլինենք»,- ասաց Հովակիմյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք մտահոգություն չկա, որ քաղաքացին ոչ թե այո կամ ոչ է ասելու Սահմանադրության փոփոխություններին, այլ սա լինելու է իշխանություններին վստահություն հայտնել-չհայտնելու քվեարկություն, Հովակիմյանը նշեց.

«Մարդիկ պետք է գիտակցեն, որ բոլոր կարևորագույն հարցերում իրենք իրացնելու են իրենց իշխանությունը: Սա ժողովրդավարության թիվ մեկ սկզբունքն է, որը միշտ պահպանվելու է»:

 
Հովակիմյանի խոսքերով, քվեարկությունը բեռ չէ քաղաքացիների համար.
 
«Այդ մտայնությունը միշտ հանգեցրել է ընտրությունների կեղծմանը: Նախ ասել են, որ պետք չէ նեղություն տալ քաղաքացուն, հետո աստիճանաբար զրկել են իշխանությունից: Այլևս քաղաքացուն չեն տանելու տեղամաս, նա է գնալու տեղամասեր: Ժողովուրդն իրացնելու է իր իշխանությունը: Իսկ մենք ստեղծելու ենք այդ հնարավորությունը»:

  • Կիսվել: