շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
 
Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
 
«Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները հաստատուն քայլերով կամրապնդվեն ու կզարգանան: Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջև, կարևոր են Հայաստանի և Իրանի միջև կայուն և փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը»:
 
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
 
«Հավատացած եմ, որ միմյանց կրոնի և մշակույթի նկատմամբ հարգանքը, զուգորդված քաղաքական երկխոսությամբ, նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:
 
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում հաստատված և հաջողությամբ զարգացող համագործակցությունը, որի գրավականը երկու ժողովուրդների դարերի փորձություն անցած իմաստությունն է:
 
Հանրապետության նախագահը Իրանի հոգևոր առաջնորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

  • Կիսվել: