ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։  Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Արմեն Սարգսյանը եղել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը: Իսկ 1997թ. Հռոմի Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Նրա գործուն մասնակցությամբ 1999 թվականին Սիքստինյան կապելլայում, ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի, երջանկահիշատակ Նորին սրբություն Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի և երջանկահիշատակ Նորին սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի ներկայությամբ բացվել է «Հայաստան-Հռոմ» ցուցահանդեսը:

Հիշատակելով այդ մասին իր ուղերձում՝ նախագահ Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ հայերի կապերը և առնչությունները Վատիկանի հետ ունեն հազարամյակների պատմություն, իսկ ներկայումս Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել աշխարհում խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության հաստատման, Հայաստանի Հանրապետություն-Սուրբ Աթոռ միջպե­տական հարաբերությունների հզորացման գործում Նորին սրբության անվերապահ դիրքորոշման համար:

«Առանձնակի ջերմությամբ եմ հիշում 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցը և մեր անձնական հանդիպումը,- Նորին սրբությանը հղած շնորհավորանքում ասել է Հայաստանի նախագահը:- Լիահույս եմ, որ մոտ ապագայում կրկին կհանդիպենք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նորին սրբությանը մաղթել է քաջառողջություն, հաջողություն և կորով` երկար տարիներ առաջնորդելու Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը: 

  • Կիսվել: