կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը պնդում է, որ ֆրանսիական ընկերությունից դուրս է եկել 2018-ին, փաստաթուղթն այլ բան է ապացուցում

Արմեն Սարգսյանը պնդում է, որ ֆրանսիական ընկերությունից դուրս է եկել 2018-ին, փաստաթուղթն այլ բան է ապացուցում

Նախորդ տարվա նոյեմբերին գրել էինք, որ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին փոխկապակցված ֆրանսիական «VH Estate» ընկերությունը 2010 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ 7,5 մլն եվրո ընդհանուր արժեքով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել, գրում է Հետքը:

Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից 7.750.000 եվրո վարկ էր վերցրել ու գրավադրել ամբողջ գույքը: 2017-ին, սակայն, «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն կրեդիտոր է ձեւակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: 2017-ի տարեվերջին նախագահի քույրը՝ Կարինե Սարգսյանը, անշարժ գույքից բացի, որպես վարկի մարման երաշխիք «UBP»-ում գրավադրել է նաեւ «VH Estate»-ում ունեցած իր 99 % բաժնեմասը: Մնացած 1 %-ը ներկայում պատկանում է Արմեն Սարգսյանի կրտսեր որդուն՝ Հայկին (մինչեւ 2021 թ. այդ 1 %-ի սեփականատերը Կարինե Սարգսյանի դուստրն էր՝ Տաթեւիկը):

Գրել էինք, որ 2010-2019 թ. «VH Estate»-ի տնօրենը եղել է հենց Արմեն Սարգսյանը: Մեր հարցմանն ի պատասխան՝ 2021 թ. հուլիսին նախագահական աշխատակազմից հայտնել էին, որ «VH Estate»-ը չի զբաղվել եւ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն: Նշել էին նաեւ, որ Ա. Սարգսյանն այդ պահին (2021 թ. հուլիսի դրությամբ) արդեն ընկերության տնօրենը չէր: Ֆրանսիական ռեգիստրում, սակայն, հուլիսին եղած տվյալներում/փաստաթղթերում հենց նախագահի անունն էր նշված տնօրենի պաշտոնում:

Այդուհանդերձ, մեր հարցումից հետո՝ 2021 թ. օգոստոսին, ֆրանսիական ռեգիստր էր մուտքագրվել նոր փաստաթուղթ, ըստ որի՝ դեռ 2019-ի փետրվարի 6-ին «VH Estate»-ի տնօրեն էր նշանակվել Հայկ Սարգսյանը՝ նախագահի որդին:

Այստեղ խնդիր կա, քանի որ Արմեն Սարգսյանը 2019 թ. իր տարեկան հայտարարագրի «շահերի հայտարարագիր» բաժնում պարտավոր էր նշել, որ այդ տարի (թեկուզ ընդամենը հունվար-փետրվար ամիսներին) տնօրենի պաշտոն է զբաղեցրել «VH Estate»-ում, այնինչ ՀՀ նախագահը միայն նշել էր, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է «Հայաստան» համահայկական հիմնադրամում (ի պաշտոնե), «Երեւան իմ սեր» հիմնադրամում, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկական բարեգործական ընդհանուր հիմնադրամում (ՀԲԸՄ) եւ «Մանուկյան» բարեգործական հիմնադրամում (տես ստորեւ)։

 

Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացնում կամ թաքցնում է հայտարարագրման ենթակա տվյալը: Պատիժը կարող է լինել 2-3 մլն դրամ տուգանք կամ ազատազրկում առավելագույնը 2 տարով, որի դեպքում անձը նույնիսկ կարող է առավելագույնը 3 տարի ժամկետով զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

«Հետքի» հրապարակումից հետո նախագահականից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին. «Արմեն Սարգսյանը նախկինում զբաղեցրել է «VH Estate» ընկերության ոչ կոմերցիոն տնօրենի չվարձատրվող պաշտոնը, որից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է 2018 թվականին»: Սակայն եթե նույնիսկ ասվածը ճշմարտություն է, ապա բարդ չէ ընկալել, որ պաշտոնից հրաժարվելու դիմում գրելը մի բան է, դիմումն ընդունելն ու պաշտոնից ազատելը՝ լրիվ այլ բան:

2019 թ. փետրվարի 6-ի փաստաթղթում, որով Հայկ Սարգսյանը նշանակվել է նոր տնօրեն, բառացի կարդում ենք հետեւյալը. «Մասնակիցների խորհուրդն (այդ ժամանակ փայատեր էին Կարինե եւ Տաթեւիկ Սարգսյանները - հեղ.) այսօրվանից ընդունում է պարոն Արմեն Սարգսյանի հրաժարականը տնօրենի պաշտոնից, շնորհակալություն հայտնում եւ ազատում նրան պաշտոնից» (տես ստորեւ):

Սա նշանակում է, որ 2010 թ. «VH Estate»-ի հիմնադրումից մինչեւ 2019 թ. փետրվարի 6-ը Արմեն Սարգսյանը դե ֆակտո եւ դե յուրե եղել է ընկերության տնօրենը, այնպես որ 2019-ի տարեկան հայտարարագրում նա պարտավոր էր հիշատակել նաեւ այդ պաշտոնը, ինչը, սակայն, չի արել ու, փաստորեն, օրենսդրության խախտում է թույլ տվել:«Հետքը» հարցում էր ուղարկել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ)՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է ձեռնարկել վերջինս նախագահի մասին մեր հրապարակումից հետո: ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ 2021 թ. նոյեմբերի 12-ին (հրապարակումից 4 օր անց) հանձնաժողովի նիստում որոշվել է վերլուծել Արմեն Սարգսյանի եւ նրա կնոջ՝ Նունուֆար (Նունե) Սարգսյանի 2013-2020 թթ. տարեկան հայտարարագրերը: Նախնական վերլուծության արդյունքում առաջացել են պարզաբանման ենթակա հարցեր, որոնք այս տարվա հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել են Ա. Սարգսյանին: Վերջինս պատասխանել է հունվարի 24-ին: Նկատենք, որ դրա նախորդ օրը նախագահը հայտարարել էր իր հրաժարականի մասին:

Հանձնաժողովին Սարգսյանը հայտնել է, որ ինքը «VH Estate»-ում հասարակական հիմունքներով տնօրեն է եղել մինչեւ 2018 թ.: Սա կարեւոր է նրանով, որ մինչեւ 2018 թ. ներառյալ հայտարարագրերը ներկայացվում էին հին ձեւանմուշով, որտեղ նշում չէր արվում տվյալ անձի կողմից ոչ առեւտրային կազմակերպություններին անդամակցելու եւ դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված լինելու մասին: Կարճ ասած՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե քանի որ տնօրեն էր մինչեւ 2018 թ., իսկ այդ ժամանակ չկար օրենսդրական համապատասխան պահանջ, ինքը չի հայտարարագրել «VH Estate»-ում տնօրեն լինելը:

Բայց մենք թե՛ մեր նոյեմբերյան նյութում, թե՛ այստեղ նշեցինք, որ խոսքը 2019-ի հայտարարագրի մասին է եւ ոչ թե դրանից առաջ եղածների:

Մինչեւ 2018 թ. տնօրեն լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը Սարգսյանը խոստացել է Ֆրանսիայից ստանալուց հետո տրամադրել ԿԿՀ-ին:

«Ստացված պարզաբանումների, ինչպես նաեւ 2021 թ. տարեկան հայտարարագրի, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրի տվյալների համադրության արդյունքում հանձնաժողովը հնարավորություն կունենա ներկայացնել վերլուծության վերջնական արդյունքները… «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ. նա չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը» վերտառությամբ հոդվածով հրապարակված այլ տեղեկությունների եւ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հանձնաժողովը կձեռնարկի օրենքով սահմանված գործողություններ»,- մեզ փոխանցել է ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը

  • Կիսվել: