Արմեն Սարգսյանը մանրամասներ է պատմել Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․
Ամենաինտրիգայինը՝ Օնիկ Գասպարյանի պատմությունը և Ձեր՝ Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը, որը, մեղմ ասած, թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից, այսպես ասենք, սուր քննադատության է արժանացրել Ձեզ: Խնդրում եմ՝ մեկնաբանեք Ձեր գործողությունները:
Երբ հայտարարեցի, որ չեմ ստորագրելու, ընդդիմությունը, որի մասին Դուք խոսում եք, հայտարարեց, որ նախագահը միացավ իրենց: Ցավում եմ, որ երեք տարի ուշադիր չեն հետևում, թե նախագահը և նախագահական ինստիտուտն ինչպես են աշխատում: Սակայն իրենք իրենց պատկերացումներն ունեին, թե ես ինչպես պետք է դիմեմ Սահմանադրական դատարան, և, իրենց պատկերացմամբ, պետք է դիմեի Օնիկ Գասպարյանի անձնական գործով: Սակայն ես գտնում էի, որ նախագահը պետք է դիմի ոչ միայն Օնիկ Գասպարյանի գործով, այլ ընդհանրապես այդ օրենքի և դրա գործառնության գործով՝ դիմումի մեջ ներառելով և՛ Օնիկ Գասպարյանի դեպքը, այսինքն՝ նմանատիպ դեպքում ազատման գործընթացը, և նաև նշանակման ու ընդհանրապես այդ օրենքի հետ կապված առերևույթ սահմանադրական խնդիրները, ինչը և ես արեցի: Սա ընդդիմությանը չբավարարեց, և «վերջապես նախագահ ունեցանք, նախագահը միացավ մեզ» արտահայտությունները փոխարինվեցին ուրիշ բառերով:
Կա քննադատություն, որ սիրում եմ, որովհետև սիրում եմ մարդկանց կարծիքը լսել: Եվ եթե որևէ մեկն առողջ տրամաբանությամբ մտքեր է ասում, միշտ պատրաստ եմ լսել, բայց պատրաստ եմ նաև բանավիճել մարդկանց հետ՝ ապացուցելով, որ տվյալ դեպքում ես կարծում եմ՝ ես եմ ճիշտ, մինչև այն պահը, երբ մեզնից մեկը տրամաբանորեն կապացուցի, որ ինքն ավելի ճիշտ է: Ես որևէ ձևով չեմ կարծում, թե մենք որպես ինստիտուտ սխալ ենք գործել, մենք շատ ճիշտ ենք գործել և ճիշտ պահին ճիշտ ձևով դիմել ենք Սահմանադրական դատարան: Սա առիթ է տվել Օնիկ Գասպարյանին, մյուսներին դիմել վարչական դատարան, ինչն իրենք արեցին: Այդ օրերի ընթացքում ես ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ եմ հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ: Հանդիպել եմ և՛ վարչապետի հետ, և՛ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, և՛ ընդդիմության հետ: