ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությունները տրամաբանությունից հեռու են, որեւէ քննադատության չեն դիմանում. Մամիջանյան

Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությունները տրամաբանությունից հեռու են, որեւէ քննադատության չեն դիմանում. Մամիջանյան

Արմեն Սարգսյանի հրաժարականի դրդապատճառների մասին խոսելը դեռ վաղ է։  Խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կերպ արտահայտվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին և այդ որոշման հիմքերին, որ նշել էր նախագահը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հայտնել էր մի իրավիճակի մասին, երբ ստիպված էր պետականության երաշխավորը լինել՝ փաստացի չունենալով որևէ գործիք։

«Իր հրաժարականի տեքստում նշված պատճառներն ինձ համար, մեղմ ասած, անտրամաբանական էին, որովհետև պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր, կարծում եմ՝ լավ կարդացել էր Սահմանադրությունը, որի վրա երդվել է։ Չորս տարի նույն «երգը երգել», նույն բանի մասին խոսել՝ լիազորություններ, լիազորություններ, ինձ համար անընկալելի է։ Ընթացիկ ժամանակահատվածում պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը նաև իր որոշակի լիազորություններ պատվիրակել, զիջել էր՝ հօգուտ ԱԺ-ի։ Մարդ, որը բողոքում է իր լիազորություններից, բայց դրանցից մի քանիսից հրաժարվում է հօգուտ ԱԺ-ի, ինձ համար անտրամաբանական է»,- ասաց Մամիջանյանը։

Թե որն էր, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը, Մամիջանյանը նշեց.

«Ես չեմ կարող դեռևս ասել, բայց այդ պատճառը կարող է լինել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական»։

Նա նաեւ հավելեց. «Այո, ինքը լուսանցքում էր շատ ու շատ գործընթացների ժամանակ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության կնքման հետ կապված, ինչպես ինքն էր ասել։ Բայց դրան հակազդելու որոշակի գործիքակազմ ուներ Արմեն Սարգսյանը: Եթե համարում էր, որ  իր կարծիքը չեն լսում, չեն օգտագործում իրամբողջ գործիքակազմը, այս հրաժարականը կարող էր ավելի շուտ տալ, կարող էր կամովին չհրաժարվել որոշակի գործիքակազմի՝ հօգուտ ԱԺ-ի: Այնպես որ նրա պատճառաբանությունները չեն դիմանում որեւէ քննադատության»:

Պատասխանելով հարցին, թե իրենք մտադի՞ր են արդյոք ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել, Մամիջանյանը նշեց, որ գործընթացը կքննարկվի իրենց խմբակցության նիստում։

  • Կիսվել: