շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արմեն Չարչյանի գործով այսօր դատական նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով այսօր դատական նիստ է հրավիրվել

«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր դատական նիստ է հրավիրվել։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ ժամը 15:00-ից կշարունակվի Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ։

Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։

Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։

Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կալանավորվել էր մեկ ամսով։

Հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին ազատ արձակել։

Օգոստոսի 23-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Դեկտեմբերի 10-ին Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ազատ արձակել Արմեն Չարչյանին։

  • Կիսվել: