Արման Բաբաջանյանն առաջարկում է քաղաքական զսպվածություն չունեցող ՀԽ անդամին անմիջապես պաշտոնից ազատելու օրենք ընդունել
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Հանրային խորհրդի անդամներին պաշտոնից ազատելու դրույթներում:
Իր ֆեյսբուքյան էջում Արման Բաբաջանյանը գրել է. ««Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ դրեցի շրջանառության մեջ:
Օրենքի ընդունման դեպքում հանրային խորհրդի անդամի (նախագահի) կողմից քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում կգործի պետական հարկադրանքի երաշխիքը և նա կազատվի պաշտոնից»:
Ավելի վաղ Բաբաջանյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնից ազատելու խնդրով: Իր դիմումը Բաբաջանյանը հիմնավորել էր նրանով, որ Վազգեն Մանուկյանը շրջանցում է օրենքն ու այդ պաշտոնը զբաղեցնելով հանդերձ` զբաղվում է քաղաքական գործունեությամբ (վերջերս Վազգեն Մանուկյանը հիմնել է «Վերնատուն» քաղաքական-հասարակական ակումբը):
Ըստ գործող օրենքի` Հանրային խորհուրդը լուծարել կամ ՀԽ նախագահին պաշտոնից հեռացնել կարելի է նրանց նշանակումից ոչ շուտ քան 1 տարի անց միայն. նշված ժամկետը, սակայն, դեռ չի լրացել: