շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
«Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է. Միրզոյան

«Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է. Միրզոյան

Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ են, կամ ենթադրում է ոտնահարում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասավորապես, նշեց. «Նույնիսկ անունից սկսած՝ «Արևմտյան Ադրբեջանը» Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան» արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին: Նույնիսկ իրենց կառույցն ունի ստեղծած՝ Արևմտյան Ադրբեջանի համայնք, ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցի փախստականների, այլ Արևմտյան Ադրբեջանի համայնք: Այս կազմակերպությունը ոչ միայն իր հայտարարություններում, այլև նույնիսկ կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ ցույց է տալիս, և ենթադրում են իրենց կանոնադրական փաստաթղթերը, որ պարունակում են սպառնալիքներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է հենց ուղղակիորեն, և իրենք, ըստ էության, չեն էլ թաքցնում, Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Միրզոյանն ընդգծեց, որ մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ և հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգընթաց:

«Ուզում եմ կարևորել և ընդգծել շատ մի ուշագրավ և անվիճարկելի հանգամանք. նախ՝ Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են, հակառակը եզակի բացառություններ են, բավականին քաղաքակիրթ ճանապարհով: 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, բռնագաղթի կամ բռնի տեղահանության ժամանակ այսպիսի բան հնարավոր չէ: 12 հազար, եթե ճիշտ եմ հիշում թիվը, ընտանիքից ավելի կարողացել են փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, և 160 հազարից ավելի ադրբեջանցիներ, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար, այստեղ իրավունքներն էլ են սպառված:

Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար, եթե ԼՂ-ն էլ հաշվենք, հայերի և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները: Այս ամենը, ինչ ասում եմ, փաստ է, փաստաթղթավորված փաստ. թե՛ մեր տված փոխհատուցումները, որոնց վերաբերյալ փաստաթղթեր կան և թե՛ հայերի ջարդերը Ադրբեջանում»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: