Արել եմ, համա ատկազ եմ ըլնում․ Դավիթ Անանյանն արձագանքեց անեկդոտով
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ հարկային օրենսգրքին առնչվող օրինագծեր քննարկելու համար. նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է 24 ժամում: Որպես հակաճգնաժամային միջոցառում` «Իմ քայլն» առաջարկում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը ներդրում անող տնտեսվարողներին տալ հետեւյալ արտոնությունը՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի հեղինակը սկզբնական շրջանում քիչ շահութահարկ կարող է վճարել:
«Միտքը շատ լավն է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարելու համար տույժեր չհաշվարկվեն, ոչ թե տույժը կրկնակի նվազեցվի: Մեռած մարդու վրա տոկոս հաշվես, որ ի՞նչ: Այդ իմաստով տույժեր չհաշվարկելու գաղափարը լավն է, բայց հաշվի ենք առնում նաեւ պետության դիրքորոշումը, որ պետությունը բազմաթիվ խնդիրներ ունի եւ մենք սրանով լրացուցիչ բեռ ենք դնում, մենք հասկանալով ձեր վիճակը, մեղմում ենք մեր պահանջը, ասում ենք՝ քվեարկեք կողմ, հետո կմտածենք»,- այս մասին հանձնաժողովի նիստում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որ դեմ էր այս առաջարկին, արձագանքեց անեկդոտով. «Լոռեցուն դատում են: Դատավորը հարցնում է՝ ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք: Պատասխանում է՝ արել եմ, համա ատկազ եմ ըլնում: Հիմա դրան ենք վերադառնում»:
ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը առաջարկեց իրենց առաջարկը դնել քվեարկության, թեեւ գիտի, որ չի անցնելու: Ի վերջո առաջարկը չընդունվեց: Նախագիծը ԱԺ-ում կմնա հին տեսքով:


