Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա. պարզաբանում է Փաշինյանը
Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որով մեկ անգամ ևս ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Այս մասին իր նոր հոդվածում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով», - պարզաբանել է նա։
Ըստ վարչապետի՝ այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:
«Նաեւ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետեւ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա», - հավաստել է նա։
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրել է Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով իր հայտարարությունը առ այն, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (բացի միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը): «Հետեւաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են»,- ընդգծել է նա: