ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առցանց քննարկում ԵԽԽՎ զեկուցողի հետ

Առցանց քննարկում ԵԽԽՎ զեկուցողի հետ

Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին անցկացվեց առցանց քննարկում ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող, Իռլանդիայի պատգամավոր Փոլ Գավանի հետ։

Հանդիպման մասնակիցների կողմից «Արցախպրես»-ին ներկայացվել է, որ հասարակական կառույցների ներկայացուցիչները խոսեցին այն խնդիրների մասին, որոնք անմիջապես առնչվում էին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով ի հայտ եկած հումանիտար ճգնաժամին։ Ճգնաժամի հաղթահարման նպատակով հայկական երկու պետությունների ջանքերը չեն կարող բավարար լինել, անհրաժեշտ է ստանալ նաև միջազգային հանրության լայն աջակցությունը։ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի բնակավայրերի մշտական բնակիչները, որոնք կորցրել են իրենց բնակարաններն ու սեփական գույքը, գտնվում են անելանելի վիճակում։ Ներկա դրությամբ սոցիալական աջակցություն ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների կողմից։

Բնութագրությունը հասանալի չէ

Մինչդեռ, միջազգային մարդասիրական նորմերի համաձայն, բռնությամբ տեղահանվածներին պետք է սատարեն նաև համապատասխան միջազգային կառույցները։ ԵԽԽՎ զեկուցողը ուշադրությամբ լսեց տեղահանվածներին, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով զրկվել են իրենց հայրենի եզերքից, հայտնվել անօթևանի կարգավիճակում և այսօր ապրում են միջազգային աջակցություն ստանալու ակնկալիքով։ Քննարկումների մաս էր կազմում նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի խնդիրը։ Պատերազմից ամիսներ անց նրանց այնտեղ գտնվելը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Անթույլատրելի է, երբ ադրբեջանական կողմը նման խնդիրը դարձնում է շահարկումների առարկա՝ դարձնելով այն քաղաքական բնույթի հարց։ Գերությունից վերադարձած անձինք ու անհայտ կորածների հարազատները ներկայացրեցին մի շարք փաստեր գերության մեջ հայ քաղաքացիական անձանց ու զինծառայողների հանդեպ դաժան հանցագործությունների վերաբերյալ:

Բնութագրությունը հասանալի չէ Հարցերի մի խումբն էլ վերաբերում էր Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանն այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ադրբեջանցիները տարածել են տեսագրություններ, որոնցում ցույց են տվել, թե ինչպիսի վայրագությամբ են ավերում ու պղծում արցախյան եկեղեցիները։ Նրանք երկու անգամ հարվածել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, «Կանաչ ժամ» եկեղեցին պայթեցվել է ադրբեջանցի զինվորների կողմից, Մեխակավանի հայկական եկեղեցու ոչնչացման փաստը միջազգային հանրությանը ներկայացրել է «Բիբիսի» հեռուստաընկերության թղթակիցը։

Այս բոլորը փաստեր են, որոնք ցույց են տալիս Բաքվի նպատակը՝ ջնջել այն, ինչ հայկական է, այդ ժառանգությունը ներկայացնել որպես ոչ հայկական՝ ալբանական կամ ուդիական։ Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և տարաբնույթ տուժած անձինք բարձրաձայնեցին նաև Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող հայատյացության մասին. այդ երկրում ամեն օր թշնամանք է սերմանվում յուրաքանչյուր հայի նկատմամբ, մեր հակառակորդը չի թաքցնում ևս մեկ ցեղասպանություն իրականացնելու իր ծրագիրը։ Հերթական անգամ շոշափվեց հույժ կարևոր մի հարց։

Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողները չայցելեն հակամարտության գոտի։Մինչ օրս չի այցելել նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, ինչը հայկական կողմի համար համարվում է անընդունելի փաստ։ Խոսվեց Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ գործադրելու անհրաժեշտության մասին, ընդգծվեց, որ այդ հարցով առաջին հերթին պետք է զբաղվի Եվրոպայի խորհուրդը, որի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն է։

Պատերազմից տուժած Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար առաջին հերթին պետք է լինել այդ ժողովրդի կողքին, հաղորդակից լինել նրանց խնդիրներին՝ միջազգային հանրությանը դրանք ավելի հստակ ներկայացնելու և ժամանակին, համապատասխան լուծումներ գտնելու նպատակադրմամբ։

  • Կիսվել: