հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախյան հարցի լուծման բանալին մեր ձեռքում է. Թևան Պողոսյան

Արցախյան հարցի լուծման բանալին մեր ձեռքում է. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն առաջարկում է, որ փոխվարչապետի մակարդակով ստեղծվի տեղեկատվական շտաբ, որը կկանոնակարգի կորոնավիրուսի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն: Այս մասին Պողոսյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատմանը և դրա հետ կապված մեր անելիքներին:

Բանախոսի կարծիքով՝ շտաբը պետք է պարբերաբար տեղեկություններ հաղորդի կորոնավիրուսի տարածման, արվող կանխարգելիչ միջոցառումների մասին, որպեսզի հանրությունը ճիշտ տեղեկություններ ստանա՝ իրազեկվելով մեկ աղբյուրից, այլ ոչ տարբեր սոցկայքերից:

«Լավ կլիներ, որ կենտրոնացված օպերատիվ շտաբ ձևավորվեր, տրանսպորտային միջոցներն ախտահանվեին, ինչպես նաև՝ մենք ինքներս հոգատար լինեինք ինչպես մեր, այնպես էլ՝ դիմացինի հանդեպ»,-ասաց նա:

Պողոսյանի խոսքով՝ սա նույնպես անվտանգության խնդիր է մեզ համար, ինչպես, օրինակ, Արցախի հարցը:

Բանախոսն ասաց, որ Արցախի հարց ասելով՝ իր համար հիմա առաջնայինը չորս կետեր են: «Իմ պատկերացմամբ՝ երբ Հայաստանն ասում է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է, պիտի այնպիսի դեր ունենա, որ ընտրություններից հետո Արցախը հզորացած լինի, և բոլորս ընտրությունների արդյունքի իմաստով հպարտանանք:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում ինչպես օրենսդիր, այնպես էլ՝ գործադիր իշխանության ընտրություններ են անցկացվելու:

Թևան Պողոսյանն անդրադարձավ Արցախի ընտրությունների թեկնածուների՝ մեկը մյուսին սևացնելու, ոչ թե ծրագրերը, այլ անձերին քննարկելու անթույլատրելիությանը:

Նա նշեց նաև, որ չպետք է մոռանանք, որ թեև հիմա Արցախում քարոզարշավ է ընթանում, բայց, միևնույն ժամանակ, Ադրբեջանի ներքին իրադարձությունները, հռետորաբանության ուժեղացումը տանում են նրան, որ սրացումներ են լինում Տավուշի սահմանին, Նախիջևանի գոտում, և դա հեշտությամբ կարող է տեղափոխվել հենց Արցախ:

Պողոսյանը կարևորեց նաև այն գիտակցումը, որ մեր ներքին յուրաքանչյուր սրացում կարող է կործանարար ազդեցություն ունենալ:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հանդիպումներին՝ Պողոսյանն ասաց. «Ժամանակն է եկել, որ մենք բարձրաձայնենք դրա անթույլատրելիությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պիտի զգան իրենց դեսպանների արած սխալը»:

Նա նշեց, որ իրեն այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ, քանի որ ամեն դեպքում պետք է պատրաստ լինել խափանելու նրանց ծրագրերը: «Արցախի հարցը լուծվում է հողի վրա, բանալին էլ մեր ձեռքում է»,-եզրափակեց բանախոսը:

  • Կիսվել: