կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը․ Ծառուկյան

Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը․ Ծառուկյան

Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը: Այս մասին Հաղթանակի օրվա իր խոսքում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ.

Յուրաքանչյուր տարի այս օրը՝ մենք մեր շնորհավորանքի խոսքն էինք հղում մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Արցախի Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ցավոք, 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը, քանի որ ազատագրված Շուշին մենք կորցրեցինք: Բայց ես ուզում եմ հավատալ, որ վաղ թե ուշ մենք այդ իրավունքը վերականգնելու ենք:

Ես այս պահին էլ գտնվում եմ Արցախում, Արցախի ու արցախցիների կողքին: Դժվարին այս պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է անի հնարավոր ու անհնարին ամեն բան՝ Արցախի թիկունքն ամուր պահելու ու արցախցիների ժպիտը վերադարձնելու համար: Մեր պատմության մեջ միշտ էլ եղել են ճակատագրական պահեր ու տարբեր մարտահրավերներ, որոնք հաղթահարել ենք մեր հզոր կամքով ու միասնությամբ և շարունակելու ենք նույն կերպ հաղթահարել դժվարություններն ու ամրապնդել հայկական երկու հանրապետությունները:

Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 76-ամյակը:

Սրտանց շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, որոնց թիվը, ցավոք սրտի, տարեցտարի քչանում է: Մաղթում եմ նրանց անսպառ առողջություն ու արևշատություն: Հենց նրանց անձնազոհ պայքարով ու նվիրումով հնարավոր եղավ ապահովել մեր հայրենիքի խաղաղ ու անվտանգ գոյությունը, որի մասին մենք պարտավոր ենք մշտապես հիշել: Փառք ու պատիվ մեր բոլոր վետերաններին, իսկ հայկական երկու հանրապետությունների ժողովուրդներին՝ խաղաղություն և բարօրություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

  • Կիսվել: