Արցախը տանք, հանգիստ ապրենք հիմարագույն թեզը տանում է վերացման․ Աշոտյան
Գործընթացները տանում են դեպի Հայաստանի կազմաքանդում, այն, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, ջահերով երթից առաջ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Արցախը տանք, հանգիստ ապրենք հիմարագույն թեզը, որը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի կողմից տանում է վերացման: Ակնհայտ է, որ մենք համակարգային, խորքային ճգնաժամի մեջ ենք, որ արցախն ու Հայաստանը մի պորտալարով կապված են, մեկը որ մահանում է, մյուսը շանս չունի ապրելու: Մի կողմից իրականացվում է Նիկոլի կողմից Արցախը բրախելու քաղաքականություն: Հայաստանի անցյալը նենգափոխելու նենգագույն արարքները, որ նա անում է, միտված է Հայաստանի եւ հայ ժողովրդի վերացմանը»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է «խաղը ավարտված» լինելու մասին, քանի որ ծախել է «խաղը»:
«Երկրորդ՝ խաղն ավարտված չէ, Նիկոլը ոնց որ թշնամու թիմից լինի, շվացնում է, ասում է՝ սուդյա, ավարտի, խաղը պրծելա: Ոչ, խաղը վաճառված է ու վաճառված է ներսից: Ու իրեն պետք է դատել, ու ինքը դատվելու է, միլիմետր, սանտիմետր չեմ կասկածում: Եթե խաղն ավարտված էր 2019-ի նոյեմբերին Ստեփանակերտում էդ նշաձողը, որ չէիր իջացնում, ինչի՞ բարձրացրիր: Արցախը Հայաստան էր, Արցախը Հայաստանի Հանրապետություն չէր, քանի որ հարցը կարգավորված չէր»,- ասաց նա՝ նշելով, որ Փաշինյանը սրիկայաբար ստել է:
Աշոտյանը կրկին շեշտեց, որ ըստ իրենց իշխանության թողած ժառանգության՝ աշխարհն ասում էր, որ չկա տարածքային ամբողջականություն, առանց ինքնորոշման իրավունքի եւ հակառակը:
Աշոտյանը հիշեցրեց, որ նախկինում այս օրերին բազմաթիվ երկրներ հայտարարություններ էին տարածում ցեղասպանության հետ կապված, այնինչ այսօր գեթ 2 հայտարարություն չենք կարող տեսնել. «Ինքը ցեղասպանությունն էլ է ծախում, որ ինքը ասում էր, դե աշխարհը չի ճանաչում Արցախը, տանք, պրծնենք, մի օր էլ ելնելու է ասի՝ դե Թուրքիան ցեղասպանությունը չի ճանաչում, մոռանանք, պրծնենք: Նույն ազգուրաց քաղաքականություն է վարում, անհայրենիք մարդու հոգեբանությունն է»:



