երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախը հետ բերելու համար նախևառաջ պիտի հետ բերենք ինքներս մեզ․ Արմեն Աշոտյան

Արցախը հետ բերելու համար նախևառաջ պիտի հետ բերենք ինքներս մեզ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխանել է քաղաքացիների հարցերին (աղբյուր՝ Aravot.am) ։

 Սվետա Մանուկյանը հարցրել է. «Ալիևը Ստեփանակերտում ընտրեց ինքն իրեն: Մենք ո՞նց ենք Արցախը  հետ բերելու»:

«Արցախը հետ բերելու համար նախևառաջ մենք պիտի հետ բերենք ինքներս մեզ: Մենք կորցրել ենք Արցախը, Հայաստանի՝ մոտ 250 քառակուսի կմ-ը, 5 000 մարդ, որովհետև կորցրել ենք ինքներս մեզ, մեր արժանապատվությունը, մեր խիղճը, մեր հավատը, մեր բարոյականությունը, մեր եսը: Եթե այդ ամենը չվերականգնենք, ապա ոչ միայն ոչինչ հետ չենք բերելու, այլև թույլ ենք տալու, որ Ալիևը 7 տարի հետո իր հաջորդ ընտրություններում քվեարկի ոչ թե Ստեփանակերտում, այլ Գորիսում, Վարդենիսում, կամ Վայքում:

Ալիևը ոչ միայն ինքն իրեն է ընտրել, այլև Նիկոլին է պաշտպանում՝ որպես Հայաստանի ղեկավարի:

Ի դեպ, չեմ զարմանա, որ Նիկոլը շնորհավորի Ալիևին կամ նրա երդմնակալության, կամ Ադրբեջանի կողմից ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Նարեկ Մարգարյանը ՀՀԿ փոխնախագահին հարցրել է. «Ալիևը հայտարարում է, որ Նիկոլը   խաղաղության ոչ մի նպատակ չունի: Ի՞նչ է մեզ հետ լինելու»:

«Մեզ հետ տեղի է ունենում այն, ինչ անում են թասիբը և նամուսը կորցրած ազգերի հետ: Կրկնվեմ: Պարտվելը ամոթ չէր: Ամոթը պարտության պատճառին վարչապետ կոչելն է: Ուստի մեզ հետ վարվում են այնպես, ինչպես մենք ենք թույլ տվել՝ լինի Ալիևը, էրդողանը, Բրյուսելը, Մոսկվան թե Վաշինգտոնը:

Ամերիկայի նախկին պետքարտուղար Քիսենջերը ասում էր,  որ պետության ղեկավարի կերպարը այդ պետության հզորության և ուժի կարևոր գործոններից է: Դե, հիմա այս հիմնարար ձևակերպումը պրոյեկտեք Հայաստանը ներկայացնող անձի վրա: Վստահ եմ՝ շատերիդ մոտ դառը քմծիծաղ առաջացավ:

Ասա՝ ով է վարչապետդ՝ ասեմ՝ ով ես դու: Սա է մեր ազգի ճակատին այս պահին դաջված խարանը: Հայ ազգի բուժումը անհնար է առանց Նիկոլի հեռացման: Նա նման է միզապարկի մեծ քարի, որն ինքնուրույն չի ընկնում: Կամ պետք է մանրացնել, որ թափվի, կամ միանգամից հեռացնել՝ ամբողջությամբ»:

  • Կիսվել: