երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում արդեն իսկ իրականացվել են 70 մլդ ՀՀ դրամի ներդրումներ, դրանք լինելու են շարունակական. Փաշինյան

Արցախում արդեն իսկ իրականացվել են 70 մլդ ՀՀ դրամի ներդրումներ, դրանք լինելու են շարունակական. Փաշինյան

Արցախում արդեն իսկ իրականացվել են 70 մլդ ՀՀ դրամի ներդրումներ, գործադիր մարմնի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի՝ Արցախին վերաբերող հատվածը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրանք շարունակում են իրականացվել և այս ուղղությամբ մենք շարունակելու ենք առաջ շարժվել», - հայտարարեց վարչապետը։

Ըստ կառավարության 2021-2026 թթ ծրագրի՝ առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: