հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք․ Այվազյան

Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք․ Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ պատերազմի ավարտից շուրջ կես տարի անց էլ Արցախում առկա են հումանիտար խնդիրներ, և հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կարձագանքի Արցախի օգնելու մարդասիրական կոչին: Այս մասին Այվազյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջոց հարցերը, առաջին հերթին` ռազմագերիների և պատանդների կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը: Հայաստանն, անշուշտ, Արցախի մեր եղբայրների և քույրերի կողքին է` Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում, սակայն այստեղ մենք նաև միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք: Լիահույս եմ, որ մեր միջազգային գործընկերները կարձագանքեն մարդասիրական կոչին, ինչը նաև կարևոր ներդրում կլինի` մեղմելու 44-օրյա պատերազմի հետևանքները»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի` Հայաստան կատարած այցին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ցեղասպանության հանցագործության կանխարգելման օրակարգում Լիտվայի ունեցած կարևոր ներդրումը:

«Ցավով պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ, մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին, ինչի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այս անգամ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար-ճգնաժամային իրավիճակը»,- նշեց Արա Այվազյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: