ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում․ Վանեցյանը հանդիպել է Կանադայի ՀԲԸՄ ներյացուցիչների հետ

Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում․ Վանեցյանը հանդիպել է Կանադայի ՀԲԸՄ ներյացուցիչների հետ

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշյանի և վարչության ընդհանուր քարտուղար Հակոբ Արսլանյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում նախանշված ծրագրերի իրականացման գաղափարները՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես կանգնած է լինելու Արցախի ժողովրդի թիկունքին:

Արթուր Վանեցյանը վերահաստատել է «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը առ այն, որ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով: Վերջինս ընդգծել է բանակցությունների միջոցով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև օկուպացված ԱՀ տարածքների վերադարձի անհրաժեշտությունը: Առանձին կարևորություն է ենթադրում նաև արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման միջազգայնորեն հաստատված փաստի առիթով միջազգային համապատասխան ատյանների կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Արթուր Վանեցյանը Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հաստատման տեսանկյունից հատկապես կարևորել է վստահության վերականգնման հարցը, որը խաթարվել է ՀՀ իշխանությունների անպատասխանատու և անշրջահայաց քայլերի հետևանքով:

Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության տեսլականը ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգի վերականգնման, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ և ԱՀ վերելքի նախապայման է գործող վարչախմբի հեռացումը:

Կողմերը պայմանավորվել են զարգացնել հաստատված հարաբերությունները` ի շահ հայկական երկու պետությունների և ողջ աշխարհասփյուռ հայության:

  • Կիսվել: