ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է․ Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է․ Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:

Արցախի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է․

"Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստանալու և ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը շարունակելու առումով: Համոզված եմ՝ այն ծրագրերը, որ քննարկել ենք, բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Պետք է համախմբենք հայությունն Արցախի շուրջ: Իհարկե, տարիների, տասնամյակների ընթացքում հայությունը միշտ եղել է Արցախի կողքին, միշտ աջակցել է, բայց այսօր ավելին՝ քան երբևէ, անհրաժեշտ է մեծ համախմբվածություն, և այդ դա մեզ հաջողվելու է:

Ուզում եմ միանշանակ արձանագրել այն, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին:

Բայց, իհարկե, Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով:

Մենք ունենք համատեղ քննարկելու ծրագրեր՝ վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, ինչը շատ ծանր և երկար աշխատանք է պահանջում:

Մեծարգո պարոն վարչապետ, ուզում եմ նորից հաջողություն մաղթել՝ այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել եք շատ բարդ ժամանակահատվածում՝ պատվով կատարելու համար":  

  • Կիսվել: