կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առարկան վերանվանելու դեմ պայքարն ունի շատ խոր նպատակ, այն է՝ պայքարել ՀՀ-ի դեմ․ Վահագն Ալեքսանյանը

Առարկան վերանվանելու դեմ պայքարն ունի շատ խոր նպատակ, այն է՝ պայքարել ՀՀ-ի դեմ․ Վահագն Ալեքսանյանը

Հայաստանի մի շարք քաղաքական, կիսաքաղաքական շրջանակներ պայքարում են Հայաստանի պատմությունը Հայաստանի պատմության անունով ներկայացնելու դեմ, և այն, ինչ կատարվում է, լակմուսի թուղթ է: Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու թեմայի առնչությամբ իր ելույթի ժամանակ:

«Ասում ենք՝ առարկան վերանվանելը «Հայաստանի պատմություն» ապազգային է: Ֆանտաստիկ է ուղղակի, ժողովո՛ւրդ ջան, Հայաստանի անունը, «Հայաստան» անունը ապազգային է: Սա գիտե՞ք ինչ է նշանակում, սա նշանակում է, որ իրենց պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է ՀՀ-ի հետ, ու սա լավագույն ցուցիչն է դրա, ինչի մասին արդեն ինչքան ժամանակ է՝ խոսում ենք: Սա լավագույն ցուցիչն է, որ այս մարդիկ պայքարում են ՀՀ-ի դեմ, պայքարում են նրա դեմ, որ Հայաստանը լինի պետություն: Նրանց պետք է, որ հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ, նրանց պետք է, որ այդ ազգը լինի ինչ-որ մի միավորի կազմում, կապ չունի, թե որ միավորն է, բայց կարևոր է, որ չլինի անկախ պետություն, որովհետև անկախ պետության մեջ իրենք անելիք չունեն, որովհետև անկախ պետության մեջ հայապահպանման համար փողեր ստանալ պետք չէ»,- ասաց նա:

Վահագն Ալեքսանյանը նաև կարծիք հայտնեց, որ առարկան վերանվանելու դեմ պայքարն ունի շատ խոր նպատակ, այն է՝ պայքարել ՀՀ-ի դեմ:

«Մենք շատ լավ գիտենք՝ որտեղից են փչում այդ քամիները, սիրելի՛ ընկերներ, բայց ինչպես տելեգրամյան տարատեսակ պոստերով այդ կոչերը գնացին, բախվեցին չգիտեմ ինչին, հավատացե՛ք՝ սա էլ է բախվելու դրան, որովհետև ՀՀ-ն կա, ՀՀ-ն ինքնիշխան է, ու ՀՀ-ն հավերժ է: Ու այս ուղերձը կարող եք հղել աշխարհագրական բոլոր ուղղություններով՝ արևելք, արևմուտք, հարավ ու հյուսիս»,- ասաց Ալեքսանյանը:

  • Կիսվել: