շաբաթ, հունիս 25
25 / 6 / 2022
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Մայիսի 20-ին Թուրինում ընթացող ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի և այդ առումով ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացման համատեքստում շեշտվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձրաստիճան այցերի ինտենսիվության բարձրացման կարևորությունը:
 
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այս առումով ընդգծվել է, որ 2021 թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային ամենաբարձր չափանիշներին։
 
Արարատ Միրզոյանն ու Աննիկեն Հյուիթֆիլդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:
 
Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք քայլերի անհրաժեշտությունը:
 
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։

  • Կիսվել: