չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Արաբական աշխարհի հետ մեր ջերմ հարաբերությունները խաթարելու Բաքվի փորձերն անթույլատրելի են. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Արաբական աշխարհի հետ մեր ջերմ հարաբերությունները խաթարելու Բաքվի փորձերն անթույլատրելի են. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթների արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականցման հնարավորությունները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչումը:

Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին՝ դրանք համարելով անթույլատրելի և հույս հայտնելով, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։

  • Կիսվել: