ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում նախաձեռնությունների իրականացման ընթացքը։ Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան - Ֆրանկոֆոնիա համագործակցության ամրապնդման հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության և երիտասարդության ոլորտներում ծրագրերի իրականացման միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը աջակցում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի առաջարկած՝ Կազմակերպության բարեփոխումների օրակարգին։ ՖՄԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել ս․թ․ հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։

Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն մտքեր են փոխանակել նաև Թունիսում 2022 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առչնվող մի շարք հարցեր։

  • Կիսվել: