կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը Արգենտինայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է  «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Արարատ Միրզոյանը Արգենտինայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերություններին, երկու երկրների միջև առկա պատմական կապերին, գործընկերության օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին: Ընդգծվել է առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համարժեք տնտեսական կապեր զարգացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է իր արգենտինացի գործընկերոջ հետ նախօրեին կայացած քննարկումները՝ տեղեկացնելով փոխադարձ այցի հրավերի մասին:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների, ներկայիս առաջնահերթություններին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը: Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին: «Մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»,- նշել է նախարարը:

Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը հաշվի է առնում թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային լոգիստիկ ուղիների վերաձևավորումները: Նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ միանշանակ հետաքրքրվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում և այդ գործընթացի հիմքում դրվելիք չորս հիմնարար սկզբունքները:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, այդ թվում նաև՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքներին:

 

  • Կիսվել: