շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատ Միրզոյանն ու Ֆելիպե Ալեխոս Լորենզանան անդրադարձել են ԼՂ հիմախնդրի կարգավորմանը

Արարատ Միրզոյանն ու Ֆելիպե Ալեխոս Լորենզանան անդրադարձել են ԼՂ հիմախնդրի կարգավորմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ լրատավության բաժնից։

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: «Հատկանշական է, որ մենք պլանավորում ենք ստորագրել համաձայնագիր երկու երկրների խորհրդարանների միջեւ եւ վստահ եմ, որ այդ համաձայնագիրը չի լինի զուտ խորհրդանշական փաստաթուղթ, այլ իսկապես հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ հարաբերությունների զարգացման ներուժ կա, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Գվատեմալայի խորհրդարանը պատեհ պահին կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած տասնյակ երկրներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է պաշտպանել այս ձեւաչափը՝ այդպիսով որդեգրել հավասարակշռված դիրքորոշում այս հարցում:

Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարեւորում է Գվատեմալայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը: Նա առանձնացրել է համագործակցության մի քանի ոլորտներ, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, անդրադարձել է իր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին եւ կարեւորել փորձի փոխանակումը Հայաստանի հետ:

 

 

 

  • Կիսվել: