շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առանձին պետական մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը. Արման Թաթոյան

Առանձին պետական մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը. Արման Թաթոյան

Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները:

Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ:

Դրա համար էլ լուրջ խնդիրներ են առաջ եկել Կառավարության կողմից սեփական քաղաքացիների և առաջնահերթ` սահմանային բնակչության նկատմամբ` իրավունքների պաշտպանության, անվտանգ ու բնականոն կյանքի ապահովման պոզիտիվ պարտավորությունների կատարման հարցում:

Կառավարության ներկայիս մոտեցումների պատճառով առանձին պետական մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը:

Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պարտադիր է ուղղակի, որպեսզի, նախ, լինի անվտանգության գոտի, ինչը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ բնակիչների իրավունքները, երաշխավորել նրանց բնականոն կյանքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները և նոր դրանից հետո անցում կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի:

Դելիմիտացիան ու դեմարկացիան կարող են տևել տասնյակ տարիներից ավելի, իսկ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված:

Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը»,- գրել է Թաթոյանը:

  • Կիսվել: