հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արամ Վարդևանյանը ՍԴ-ում ներկայացրեց «Հայաստան» դաշինքի դիմումի մանրամասները

Արամ Վարդևանյանը ՍԴ-ում ներկայացրեց «Հայաստան» դաշինքի դիմումի մանրամասները

Այսօր ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով իրենց դիմումի մանրամասներն ու բացատրությունները:

Նա ասաց, որ իրենց դաշինքի դիմումը բաղկացած է երկու խումբ հարցերից՝ քանակական և որակական:

Խոսելով ՀՀ նախագահին ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդության մասին՝ Վարդևանյանն ասաց. ՛՛Ընտրությունները եղել են հունիսի 20-ին, բայց մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ կարևոր է՝ վերջինս ոչ թե ստանձնել է նախագահի կողմից հայտարարությունները փոխանցելու գործառույթ, այլ հայտարարել է իր անունից: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նույն երևույթը չէ: Սահմանադրությամբ գրված է, որ հայտարարողը հանրապետության նախագահն է՛՛:

Ըստ նրա՝ խնդիր է նաև այն, որ ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հրաժարական տալու մասին՝ միանշանակ հայտարարելով, որ շարունակելու է իր պարտականությունները կատարել:

Վարդևանյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման մասին՝ ասելով. ՛՛Պատահական չէր, որ հրաժարական ներկայացնելով՝ բոլոր դեպքերում շարունակում է պաշտոնավարել, ամբողջ ընտրությունների գործընթացում ևս լինում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով՛՛:

՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցչի կարծիքով՝ Փաշինյանն ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը:

Նա ընդգծեց, որ այս ընտրություններին, նախընտրական գործընթացին որպես երրորդ անձի ուժի ներկայացուցիչ հանդիսացել են վարչապետի պաշտոնատար, ԱԺ նախագահ, նախարարների պաշտոնակատարներ, մարզպետներ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառմանը՝ Վարդևանյանն ասաց, որ ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուին ուղեկցող ոստիկանական ուժերը ցանկացած հավաքին եղել են հարյուրավոր, հազարավոր, ինչը, նրա խոսքով, պատահական չէր. ՛՛Վարչական դատարանը մարզպետարանների աշխատակիցների, կրթական հաստատության ներկայացուցչի մասով արձանագրեց վարչական ռեսուրսի չարաշահում՛՛:

Վարդևանյանը խոսեց նաև զինվորականների քվեարկության մասին և ասաց, որ պետք է վկայի կարգավիճակով հրավիրել ԶՈւ ԳՇ պետին՝ պարզելու, թե արդյոք իսկապես 10 հազար 993 զինծառայո՞ղ է մասնակցել քվեարկությանը: ՛՛Հրապարակված տվյալով՝ մենք գործ ունենք նման թվի հետ՛՛,-ասաց նա:

Զինծառայողների ցուցակի վերաբերյալ, ըստ Վարդևանյանի, մի շարք հանգամանքներ կան, որոնք պետք է պատշաճ քննության առարկա դառնան: Նա շեշտեց, որ զինծառայողների վերաբերյալ գործընթացն ամբողջությամբ գաղտնի է, գաղտնի են այն ընտրատեղամասերը, որտեղ իրենք պետք է քվեարկեն, գաղտնի է, թե ցուցակն ինչպես է ձևավորվում:

Նշենք, որ 18:00-ին նիստն ավարտվեց, Վարդևանյանն իր զեկույցը կավարտի հաջորդ օրը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է չորս քաղաքական ուժ՝ ՛՛Հայաստան՛՛ և ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքները, ՛՛Զարթոնք՛՛ և ՛՛Հայոց հայրենիք՛՛ կուսակցությունները:

  • Կիսվել: