չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Առաջին ջերմության բարձրացման դեպքում «կանխարգելիչ» նպատակով հակաբիոտիկ են ընդունում. սա սարսափելի իրավիճակ է. Ավանեսյան

Առաջին ջերմության բարձրացման դեպքում «կանխարգելիչ» նպատակով հակաբիոտիկ են ընդունում. սա սարսափելի իրավիճակ է. Ավանեսյան

ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսի առկայության դեպքում մարդիկ հաճախ անհարկի կիրառում կամ չարաշահում են հակաբիոտիկներ, սկսում են ինքնաբուժմամբ զբաղվել:

«Սա ծայրահեղ վտանգավոր, մտահոգիչ վարքագիծ է: Ինքնաբուժմամբ չի կարելի զբաղվել որևէ պարագայում, իսկ քովիդի պարագայում դա ուղղակի կարող է մահվան հանգեցնել: Ունենք քաղաքացիներ, որոնք հեշտությամբ ընդունում են հակաբիոտիկների մեծ դոզաներ, երրորդ սերնդի հակաբիոտիկներ, երբ հիվանդությունը դեռ սկսման փուլում է:

Հասարակության մեջ թյուր կարծիքներ են ձևավորվում, որ առաջին ջերմության բարձրացման պարագայում «կանխարգելիչ» նպատակով հակաբիոտիկ են ընդունում. սա սարսափելի իրավիճակ է: Մարդկանց մոտ զգուշության լրիվ բացակայություն կա դեղամիջոցներ ընդունելիս և իռացիոնալ վախեր պատվաստումների նկատմամբ:

Եթե դիտարկվի, թե հակաբիոտիկների չարաշահման պարագայում ինչ լուրջ վնասներ ենք հասցնում մեր օրգանիզմին, առողջությանը, կտեսնենք, որ այդ վնասներն ի հայտ են գալու տարիների ընթացքում ավելի ու ավելի: Բայց այն պատվաստանյութերը, որոնք իրենց կողմնակի ազդեցություններով հարյուրավոր անգամներ ավելի ոչ ռիսկային են, մենք զգուշանում ենք պատվաստվելուց և կանխարգելելուց հիվանդությունը»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: