կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առաջարկվում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ` ՌԴ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ․ Փաշինյան

Առաջարկվում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ` ՌԴ-ի կամ ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Այս առաջարկը Փաշինյանը հնչեցրեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային տարածքներ այցից հետո ԱԽ նիստում:

«Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Այդ նպատակով ես առաջարկում եմ իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում և հանդես գալիս բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանն ու Ադրբեջանի իշխանություններին: Առաջարկը հետևյալն է՝ պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Ընդհանրապես այդ տարածքներից Զինված ուժերի ներկայացուցիչները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ: Որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»,-  ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: