հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել դիահերձում

Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել դիահերձում

Խորհրդարանի գումարած արտահերթ նիստում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ հաշվի առնելով կորոնավիրուսի  պանդեմիայի տարածումն ու դրա տեմպերը,  անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ պանդեմիայի կանխարգելման միջոցառումներ իրականացնել։

Այդ նպատակով, ըստ նրա, ստեղծվել է հատուկ խումբ, որը ներառում է թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան վերլուծաբանների, տվյալագետների, ՏՏ և արհեստական բանականության մասնագետների, որոնք մշակել են պանդեմիայի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները և ուսումնասիրել են այլ երկրների փորձն այս ոլորտում։

«Վերոնշյալը հաշվի առնելով՝ մշակվել և ԱԺ քննարկմանն է ներկայացվել նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից  էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկմանն մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Նախարարի խոսքով, նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ  ՀՀ-ում գործող ախտաբանական-անատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։

«Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված  չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ և դեռ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: