չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջարկվում է 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. Զ. Բաթոյան

Առաջարկվում է 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. Զ. Բաթոյան

Վաղը Կառավարության նիստին կքննարկվի մի նախագիծ, որով առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին: Այս մասին ֆեյսբուքյան  գրառմամբ հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել:

 2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացի են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն (չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում) նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով:

Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում:

Նախաձեռնությունն իրականացրել ենք միանման մոտեցում ցուցաբերելու նպատակով:

 Ի դեպ, 3 շրջանավարտի զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը (համաձայն քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների) դեռևս 2003-2004թթ, այսինքն մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության: Նրանց կտրամադրվի բնակարանի գնման վկայագրեր»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: